Արդեն երրորդ օրն է, ինչ Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքեր հրապարակած թուրքական Belge հրատարակչության հիմնադիր Ռաջըփ Զարաքօլուն գտնվում է Ստամբուլի բանտում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին մեղադրում են Աբդուլա Օջալանի ղեկավարած Քրդական աշխատավորական կուսակցության հետ առնչությունների մեջ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում «Ակոսի» հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը նշում է․ «Զարաքօլուն ազգությամբ քուրդ չէ, սակայն այդ կուսակցության համակիրն է»։
Թուրքական դատախազությունը պնդում է, որ Զարաքօլուն կապեր է ունեցել Օջալանի կուսակցությանը մաս կազմող «Քրդական հանրությունների միություն» կոչվող կառույցի` KCK-ի հետ։ Թուրքական հատուկ ծառայությունները պնդում են, որ այս կազմակերպությունն իրականում հանդիսանում է Քրդական աշխատավորական կուսակցության թևը, որն իր գործունեությունը հիմնականում ծավալել է երկրի խոշորագույն բնակավայրերում, նախևառաջ՝ Ստամբուլում։ Մոտ 1 ամիս առաջ նույն կառույցին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Զարաքօլուի որդին: «Ակոսի» խմբագրի խոսքով՝ Զարաքօլուն կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները։ «Ոստիկանությունը պնդում է, որ Զարաքօլուն մի շարք գաղտնի հակապետական ժողովների է մասնակցել: Որպես ապացույց ոստիկանները ներկայացրել են Զարաքօլուի հեռախոսազանգերի գաղտնալսումները», – նշում է Սերոբյանը:
Թուրք իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները, սակայն, հայտարարում են, որ Զարաքօլուի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Հրատարակչի ձերբակալությունը դատապարտող հայտարարություններ են տարածել Մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը, Հրատարակիչների միությունն ու Գործող լրագրողների ընկերակցությունը։ «Թուրքական ժողովրդավարության համար կարող է շատ վատ հետևանքներ ունենալ այն իրողությունը, երբ լրագրողները, սյունակագիրներն ու հրատարակիչները ճաղերի ետևում են հայտնվում զանգվածային ձերբակալությունների արդյունքում»,- նշված է Թուրք հրատարակիչների միության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:







































