«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել է 116 անվճար կարճ հեռախոսահամար` քաղաքացիներից զանգեր ընդունելու նպատակով:
Գիտակցելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործունեության կարևորությունը` ընկերությունը հոգալու է 116 կարճ հեռախոսահամարի տեղադրման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը:
Այս համարին զանգահարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը գումար չի գանձելու Beeline ֆիքսված և շարժական կապի բաժանորդներից, իսկ Հայաստանի այլ օպերատորներից չի գանձվելու զանգերի վերջնավորման ծառայության վճարը:
«Մեր աջակցության շնորհիվ երկրի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել 116 հեռախոսահամարին և թողնել հաղորդագրություն կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ Օմբուդսմենի և հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 116 հեռախոսահամարն Օմբուդսմենի գրասենյակին տրամադրվել է անվճար` առանց ամսական բաժանորդավճարի:





































