Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջան Տող գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարևոր էր ռազմական և պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք:
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մեր հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:






































