Ամերիկյան զորքերի՝ Իրաքից դուրս գալուց երկու ամիս առաջ ԱՄՆ–ի և Իրաքի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ղեկավարները Վաշինգտոնում անցկացրել են խորհրդակցություն:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտնել է, որ բանակցություններին մասնակցել են անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոն և նրա իրաքյան գործընկեր Ֆալախ Ալ—Ֆայադը: Կարնիի խոսքերով՝ կողմերը նշել են, որ տրամադրված են երկու երկրների միջև ամրապնդել ռազմավարական գործընկերությունը:
Իրաքի ղեկավարությունը հրաժարվել է երաշխավորել ամերիկյան զինված ուժերի անվտանգությունը երկրից դուրս գալուց հետո:
Այս որոշումը Բարաք Օբամային ստիպել է հրաժարվել Իրաքում մասնագետներ թողնելու գաղափարից։ Նախատեսվում էր, որ վերջիններս պետք է իրաքյան զինվորներին վարժեցնեին։









































