«Վիքիփեդիա. դպրոցներ և համալսարաններ» նախագծի շրջանակներում վաղը Ինստիգեյթ ուսումնական կենտրոնում տեղի կունենա հայերեն Վիքիփեդիայում կատարվող աշխատանքների ակտիվացմանը նվիրված միջոցառում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վիքիփեդիա. դպրոցներ և համալսարաններ» նախագծի թիմի համակարգող Արմենուհի Պետրոսյանը հայտնեց, որ մասնակիցների համար կկազմակերպվի կարճ ներածություն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերի, նպատակների և հատկապես Հայաստանում առկա խնդիրների ու նախագծերի վերաբերյալ։ Կբացատրվեն Վիքիփեդիայում աշխատելու ընդհանուր կանոնները, հոդված ավելացնելու եղանակները, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան թարգմանել արդեն գոյություն ունեցող որևէ հոդված կամ ավելացնել ցանկացած հոդված նախընտրած ոլորտից: Արդեն գրանցվել է շուրջ 25 մասնակից:
Ա.Պետրոսյանը հայտնեց, որ նախագծի շրջանակներում այցելություններ են կազմակերպվում դպրոցներ և բուհեր՝ ներկայացնելու համար, թե Վիքիփեդիայում ինչ կանոններ են գործում, հայերեն Վիքիփեդիայում ինչ հոդվածներ կան և ինչն է պակաս. «Արդեն այցելել ենք ֆիզմաթ դպրոց, նախատեսվում է այցելություն Շիրակացի վարժարան, իսկ առաջիկայում կայցելենք բուհեր»:











































