«Խոսքի իրավունք» միավորումն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հաճախ ստանում է բազմաթիվ դժգոհություններ տարբեր ոլորտի բյուջետային աշխատողներից, հատկապես ուսուցիչներից:
Վերջիններս բողոքում են իրենց օրեցօր ցածրացող աշխատավարձերից: Հայաստանի մարզերի որոշ դպրոցներում աշխատավարձերը, ցածրանում են: Մանկավարժներին հայտնում են, թե բյուջեով այդքան է նախատեսված, նրանք էլ այլ ընտրություն չունենալով համաձայնում են կրթել երեխաներին անգամ 30.000 դրամով:
Ֆեյսբուքում ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամները, առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված տասնութ միլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը:
Քաղաքացիները անվստահություն են հայտնում սոցիալական փաթեթին`այն անվանելով «սոցիալական կուտ»: Մարդիկ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ քաղծառայողների:
«Խոսքի իրավունք» միավորումը միանում է գումարները բազային աշխատավարձերի բարձրացմանը տրամադրելու կոչին, քանի որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, իսկ աշխատավարձերի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի հարց է:
Հայտնենք, որ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում այս առաջարկը ստացել է միայն կողմ ձայներ:
Ըստ նախագծի հեղինակների`դրա կիրառման պարագայում նվազագույն բազային աշխատավարձը ներկայիս 40.000-ի տեղը կդառնա 65.000:
Միավորումը դիմում է ԱԺ սոցիալական հանձնաժողովին` լսումներ կազմակերպելու այս հարցի առնչությանբ և հանդես գալու օրենսդրական նախագծով:








































