Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին Իզմիրում կնքված թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրերի փաթեթում խոսք է գնում նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի համաձայնագրում ուղղումներ մտցնելու մասին։
Ըստ Յըլդըզի՝ այդ ուղղումները Թուրքիային հավելյալ 3.7 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն, մինչդեռ նախորդ համաձայնագրով Թուրքիայի կորուստները պետք է կազմեին 1 միլիարդ դոլար.
«Բանակցությունների նախաձեռնողը թուրքական պետական Botaş International Limited (BIL) ընկերությունն է, ով հանդիսանում է Թուրքիայի տարածքով անցնող այդ խողովակաշարի օպերատորը։ BIL-ի հիմնական կորուստներն առաջացել են ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի ինքնարժեքի թանկացման պատճառով։
Միայն դրա պատճառով BIL-ի կորուստները կազմել են տարեկան 30 միլիոն դոլար։ Բանակցությունների ժամանակ քննարկվել է BIL-ի համար առաքվող գազի ինքնարժեքի նվազեցման հարցը։ Բացի այդ, թուրքական ընկերությանը փոխհատուցելու են իրականացրած 100 միլիոն դոլար ծախսերը»։
Հիշեցնենք, որ ԲԹՋ-ն շահագործման է հանձնվել 2006 թվականի ամռանը, դրանով մոտ 1.3 միլիարդ բարել ադրբեջանական նավթ հասցվել է Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստ։








































