«Հրապարակ»-ը գրում է, որ նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից և հիշեցնում, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ:
«Լուրեր էին պտտվում, թե վերջինս նոր աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում: Նախօրեին մենք հարցում էինք արել ԱԳՆ հասարակայնության վարչությանը (ընդ որում՝ գրավոր, կնքված և ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆ-ում: Պարզվեց՝ ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում: Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով: Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչ-որ կոպիտ խախտում է թույլ տվել, և դա է նրան ազատելու պատճառը»,- հավելում է թերթը:









































