ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց կոչ անելով Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանի նման հրաժարական գրել: Ըստ Մանուկյանի՝ ցանկացած հրաժարական տղամարդկության դրսևորում է:
Մանուկյանը նկատեց, որ այսօր իշխանությունը կոլապսի մեջ է և միայն զբաղված է ճանապարհներ փակելով, որ ժողովուրդը չգա ՀԱԿ հանրահավաքին:
Մարդահամարի մասին խոսելով՝ Մանուկյանը նշեց, որ «գեղի կլուբի» նման մարդահամար են արել, թվեր են նկարել, կան մարդիկ, ովքեր չեն էլ հաշվառվել:
Ըստ Մանուկյանի՝ այսօրվա իշխանության բանաձևն է` Սերժ Սարգսյան+աթոռ հավասար է աթոռ. «Էս իշխանությունը որոշում կայացնել չի կարող, կարծիք չունի`մի երկիր աշխատակազմի ղեկավար է նշանակում, մեկն ասում է՝ քաղաքապետին հանի»:
Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը հստակ դիմում է բոլոր քաղաքական ուժերին, որ կողմնորոշվեն՝ կամ Սերժ Սարգսյանի դեմ են և պահանջեն նրա հրաժարականը, կամ էլ ասեն, որ իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդն են:
«Ով չհաղթեց՝ Սերժ ա»,- այսպիսի կարգախոսով Արամ Մանուկյանը եզրափակեց իր ելույթը:





































