«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 2011թ. հոկտեմբեր ամսվա մարդ է ճանաչվել հանուն Թռչկանի ջրվեժի փրկության պայքարողը (հավաքական կերպար):
»Որպեսզի Հայաստանի ամենահիասքանչ ջրվեժներից մեկը չդառնա հէկ, միմյանց ճանաչեցին և բնապահպանների հետ միասին պայքարի ելան մինչ այդ բնապահպանության հետ որևէ առնչություն չունեցող հարյուրավոր երիտասարդներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ»,- հայտնում են նախաձեռնությունից:
Նրանց խոսքով` երիտասարդներին միավորել է Հայաստանում առկա ամենաթողությունը, որի զոհն են ոչ միայն մեր քաղաքացիները, այլև բնաշխարհի հրաշալիքները:
«Անտեսելով շիրակյան ցուրտը` երիտասարդներն այս օրերին իրական մի վրանային քաղաք են կանգնեցրել Թռչկանի մերձակայքում` գիշեր-ցերեկ պաշտպանելով ջրվեժն ընդմիշտ լռելու վտանգից: Այս պահին էլ նրանք այնտեղ են, իսկ բնապահպանության նախարարը ձև է բռնել, թե ոչինչ տեղի չի ունենում»,- նշված է նախաձեռնության անդամների հաղորդագրությունում:
«Չենք լռելու»-ն հիշեցնում է Թռչկանի փրկության շարժման կարգախոսներից մեկը` «հէկտի՛ր Թռչկանից»:








































