«Հրապարակ»ը գրում է, որ Աբովյան փողոցի բուտիկները, մայթերին հայտնված սրճարաններն ու ժամանցի այլ հաստատություններ շարունակում են մնալ իրենց տեղերում՝ չնայած քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր դրանք ապամոնտաժել:
«Ոմանց կարծիքով, սա եղել է նրա հրաժարականի պատճառներից մեկը: Երբ իր հրապարակավ տված խոստումը չի կարողացել կատարել, գնացել է ՀՀ նախագահի մոտ և բողոքել, որ որոշ օլիգարխներ ու հեղինակություններ խոչընդոտում են այդ ծրագրի իրականացմանը:
Սրան ի պատասխան, Սերժ Սարգսյանը հորդորել է առայժմ հրաժարվել այդ ծրագրից՝ այն կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել, և այս անգամ բողոքողները ոչ թե շարքային մարդիկ կլինեն, այլ կարողություն և շրջապատ ունեցող մարդիկ, իսկ նրանց դժգոհությունը կարող է առաջիկա ընտրություններում որոշիչ լինել: «Բա՞ իմ խոսքը, բա՞ իմ հեղինակությունը»,- մոտավորապես նման հարցադրում է արել Կ. Կարապետյանը և շեֆից լսել, որ նրա հեղինակությունը «կսպասի»:
Ըստ որոշ դիտորդների` նման իրավիճակները վերջերս հաճախ են պատահել, ուստի Կարեն Կարապետյանի նյարդերը չեն դիմացել, և որոշել է հեռանալ քաղաքապետի պաշտոնից»:







































