Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այս գիշեր 40 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը Բաքվից մեկնել է Վանի ուղղությամբ։ Պլանավորված է, որ ադրբեջանական ավտոշարասյունը նշանակման վայր է հասնելու Իրանի միջոցով։ Այդ մասին նախապես իրազեկվել են իրանական իշխանությունները, որպեսզի ավտոշարասյունը չկանգնեցվի Իրանի սահմանին։
Ավտոշարասյունը Վան է տանում 1000 վրան, 2000 ծածկոց և այլ կենցաղային պարագաներ։ Նշվում է, որ Ադրբեջանն արդեն իսկ Թուրքիային տրամադրել է 250 վրան, 700 դաշտային ննջարան, 3000 ծածկոց, 2000 քնապարկ, 2 դաշտային խոհանոց։
Ընդհանուր առմամբ՝ հոկեմբերի 23-ին Վանում գրանցված երկրաշարժից հետո Ադրբեջանը Թուրքիային տրամադրել է 1.7 միլիոն դոլարի օգնություն։ Բացի այդ, աղետի գոտում աշխատող 213 ադրբեջանցի փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 10 ողջ մնացած մարդու և 41 դիակ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Վանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 523-ի, իսկ վիրավորներինը՝ 1650-ի։








































