Կոսովոյի հյուսիսի սերբական համայնքների բնակիչները որոշել են հանել բարիկադները և համաձայնել են իրենց համայնքներ թողնել միայն ՆԱՏՕ-ի հսկողության տակ եղած միջազգային ուժերին: Այս մասին հաղորդում է սերբական Танюг գործակալությունը:
Սերբական համայնքի ղեկավար Սլավիշ Ռիստիչը հայտարարել է, որ իրենք որոշում են ընդունել, որ յուրաքանչյուր համայնք մտնելու համար կտրամադրվի մեկ ճանապարհ:
Այս որոշումն ընդունվել է սերբական համայնքների ղեկավարների և միջազգային ուժերի միջև կայացած բանակցությունների արդյունքում: Միջազգային ուժերի հրամանատարները պահանջել են վերացնել բարիկադները: Սերբերը երկրի նախագահ Բորիս Տադիչի ճնշումից հետո ընդառաջ են գնացել այդ պահանջին։











































