Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ ներսում տարաձայնություններ կան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի և այլոց միջև՝ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց. «Դրանք հիմնականում բամբասանքներ են, որոնք շատ հեռու են իրականությունից, բայց որ ցանկացած օրգանիզմի ներսում կան տեսակետներ, կա բանավեճ՝ դա նորմալ երևույթ է և առանց այդպիսի երևույթների հնարավոր չեն զարգացումներ: Ցանկացած կուսակցության ներսում էլ կան տարբեր տեսակետներ ապագայի վերաբերյալ, ներկայի վերաբերյալ, անցյալի վերաբերյալ, ինչը ապահովում է կուսակցության զարգացումը և ուժեղացումը:
Լրագրողների այն հարցին, թե Պարույր Հայրիկյանը շատ հնարավոր համարեց ՀՀԿ-ին միացումը, իսկ մյուս կողմից՝ լուրեր են պտտվում, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը շատ հնարավոր է ՀՀԿ համամասնական ցուցակով մտնեն խորհրդարան, ՀՀԿ-ն այս դեպքում ի՞նչ է ակնկալում նրանցից՝ վարչապետը պատասխանեց. «Դուք տվեցիք երեքի անունը, առնվազն տասնյակ քաղաքական գործիչների անուններ կան, որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել ՀՀԿ հետ, և մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետև մեր թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ ՀՀԿ-ն համախմբող կուսակցություն է: Եվ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում, մենք պատրաստակամ ենք այդ գործում և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունենալով մեծամասնություն՝ այնուամենայնիվ ստեղծեց կոալիցիա, հրավիրեց ոչ կուսակցական նախարարներ, գործիչներ, որոնք կարող են համագործակցել մեզ հետ և օգնել մեզ լուծելու մեր երկրի արջև ծանրացած խնդիրները: Այս սկզբունքային դիրքորոշմամբ մենք շարունակելու ենք, և ՀՀԿ-ն է լինելու համախմբող քաղաքական ուժը»:
Այն դիտարկմանը, թե ով ուզի կարող է մտնել ՀՀԿ՝ ավելացրեց. «Գիտեք, ծայրահեղության կարելի է հասցնել սկզբունքը, բայց ես ձեզ սկզբունքներն եմ ներկայացնում»:









































