Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնության է եկել ընդդիմության հետ 2012 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր կառավարության ղեկավարի և «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսսիի միջև, որը նույնպես մտնում է իշխող կոալիցիայի մեջ:
Բեռլուսկոնին հայտարարել է, որ թոշակային տարիքը 65-ից 67 բարձրացնելու վերաբերյալ բարեփոխումների դիմաց խորհրդարանում կանցկացնի արտահերթ ընտրություններ և 2011 թ. դեկտեմբերին կամ 2012-ի հունվարին հրաժարական կտա:
Բրյուսելում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին միության երկրները մեծ ճնշում են գործադրում Իտալիայի վրա: Մասնավորապես, մի շարք երկրներ, այդ թվում՝ Անգլիան և Գերմանիան, պահանջում են Իտալիայից մի շարք բարեփոխումներ անցկացնել: Երկրում տիրող իրավիճակն առաջացրել է ներդրողների անհանգստությունը. երկրի` 1.9 տրլն դոլարի հասնող պետական պարտքը ստիպում է նրանց Իտալիան դասել Հունաստանի բախտակիցների շարքը:
Հիշեցնենք, ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, թե չի առաջադրի իր թեկնածությունը 2013 թ.:









































