Քաղաքացիական նախաձեռնության կարգով հայ ֆուտբոլասերները կարող են դիմել Իռլանդիա-Հայաստան մրցամարտի երաշխավորի դերը ստանձած Իռլանդիայի նախագահին՝ խնդրանքով, որ վերջինս հորդորի իր երկրի ընտրանուն քննարկել ՀՀ հավաքականի հետ հանդիպում վերախաղարկելու հարցով ՈւԵՖԱ-ին դիմելու խնդիրը: Նման առաջարկ այսօր Ազգային ժողովում արեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ըստ նրա՝ Իռլանդիա-Հայաստան հանդիպման ոչ ֆուտբոլային, բայց առանցքային դրվածքը՝ խաղից առաջ Իռլանդիայի նախագահի խաղադաշտ իջնելը և ընդունված կարգով ֆուտբոլիստներին ու մրցավարներին արդար մրցակցություն մաղթելն էր, որով նախագահը կամա-ակամա դարձավ խաղի երաշխավորը, սակայն մեր հավաքականը տուժեց անարդար մրցավարությունից, ինչպես ժամանակին իռլանդացիները՝ ֆրանսիացիների հետ խաղում: Երկու դեպքում էլ առկա էր ձեռքով խաղալու մասին ֆուտբոլիստների ինքնախոստովանությունը:
Վ.Դալլաքյանը նշեց, որ 2009-ին Իռլանդիա-Ֆրանսիա խաղից հետո Իռլանդիան կառավարական մակարդակով Ֆրանսիայից պահանջում էր հանդիպման վերախաղարկում: Արդյունքում Ֆրանսիայի նախագահը ներողություն խնդրեց:
«ՀՀ վարչապետը կարող է հետևել իր պաշտոնակցի օրինակին և դիմել Իռլանդիայի վարչապետին՝ դիրքորոշում արտահայտելու առաջարկով: Ֆուտբոլն ու քաղաքականությունը համատեղելի են»,- հայտարարեց պատգամավորը:









































