Ինչպես հաղորդում է «Առաջին լրատվական»-ը, հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Բացմանը մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային և քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաև նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:
Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով և հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարևոր միջոցառումը: