Եկատերինբուրգի գազանանոցում հայտնվել են երկու նոր բնակիչներ` պատագոնական նապաստակներ: Ինչպես հայտնում է գազանանոցի պաշտոնական կայքը` կենդանիներին բերել են դեռ հոկտեմբերի սկզբին:
Գազանանոցի մամուլի ծառայությունը նշում է, որ պատագոնական նապաստակներին անվանել են Apple ընկերության հիմնադրի անունով. Մեկին՝ Սթիվ, մյուսին՝ Ջոբս: Նրանք հարազատ եղբայրներ են:
Պատագոնական նապաստակները ապրում են Հարավային Ամերիկայում: Արտաքինից նման են նապաստակի, մեծերի հասակը հասնում է կես մետրի: Բուսակեր են՝ սնվում են խոտերով կամ հացահատիկներով, վարում են ցերեկային կյանք, անազատության մեջ կարող են ապրել 14 տարի:










































