Եվրագոտու առաջնորդներն ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց են գրանցել Եվրոպայի պարտքային ճգնաժամը հաղթահարելու բանակցություններում, սակայն առջևում նրանց դեռ շատ աշխատանք է սպասվում: Այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը` Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին:
«Այսօր մենք լավ աշխատեցինք: Իհարկե, դեռ շատ բան կա անելու, բայց մենք ճիշտ ուղիով ենք ընթանում»,- ասել է նա:
Նման հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Երկար ժամերի արդյունավետ քննարկումներից հետո կարելի է պնդել, որ մենք ընդհանուր առմամբ և ամբողջապես համաձայնեցրել ենք բանկերի վերակապիտալիզացիայի ծրագիրը, քննարկել ենք EFSF հնարավորությունների օգտագործման հարցը և արդեն մոտ ենք համընդհանուր համաձայնագրի կնքմանը: Այս պահին ես խոչընդոտներ չեմ տեսնում գագաթնաժողովի հաջող ավարտի ճանապարհին»,- ասել է նա:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանսիան ստիպված է եղել հրաժարվել մինչ այդ իր առաջ քաշած ծրագրից, որը նախատեսում էր անսահմանափակ կերպով օգտագործել Եվրոպական կենտրոնական բանկի ռեսուրսները ճգնաժամի դեմ պայքարում: «Այդ հարցը եվրոպական երկրների իրավասությունների մեջ չի մտնում: Այդպիսի բան հնարավոր է միայն եվրոպական ինստիտուտների հավանության դեպքում»,- խոստովանել է Ֆրանսիայի նախագահը:
Գագաթնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա չորեքշաբթի:






































