Եվրասիական միության փաթեթ ասածը դեռ գոյություն ունի որպես գաղափար, որպես տեսություն, սակայն դրա ստեղծման միտքն ինքնին բավական հետաքրքիր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ նախագծի պրակտիկ-կիրառական ամբողջ փաթեթը դեռևս հասկանալի չէ, սակայն միտքը բավական հետաքրքիր է, որը պետք է ուսումնասիրել, մանրամասն հասկանալ`այն դիտարկելով տնտեսական գործառույթների կամ փաթեթների համադրության մեջ: «Եվ միայն այդ համադրման արդյունքում կարելի է կազմել եզրակացություն իր ընդհանրական արդյունավետության մասին: Մի բան փաստ է. նախագծի առկայությունը մտածելու տեղիք է տալիս, և իհարկե արժե խորապես ուսումնասիրել»,- նկատեց Կարեն Բեքարյանը:
Նա ճիշտ չհամարեց կանխատեսել` ինչ կարող է տալ նախագիծը կոնկրետ Հայաստանին` նկատելով, որ դրա հայտարարումից մինչև նախնական գործընթացներ անցել է ընդամենը մեկ ամիս ժամանակ, բացի այդ, հայտնի չեն փաթեթի բաղկացուցիչները: «Արժե՞ մասնակցություն ունենալ այդ գործընթացին, քննարկումներին. իհարկե արժե, բայց դրա արդյունավետությունը կշեռքի նժարին դնելու համար վաղ է»,- ամփոփեց Բեքարյանը:
Նշենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի`հետխորհրդային տարածքում Եվրասիական միություն ստեղծելու առաջարկին, ասել էր, որ դա անհրաժեշտություն է: «Մարդիկ դրան վաղուց սպասում են, նաև՝ Հայաստանում: Հայերը սպասում են դրան, նրանք մոտ են Ռուսաստանին: Պուտինը ճիշտ ժամանակին առաջարկեց այն, ինչ պետք է: Ես լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը։ Կարծում եմ՝ Հայաստանում նույնպես դա պաշտպանում են: Ես այդ մասին խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ և նրանից դրական պատասխան եմ ստացել: Նա ասաց, որ պետք է քննարկել հարցի իրավական մասը: Չնայած նրան, որ Հայաստանը սահմանակից չէ Ռուսաստանին, Հայաստանը պետք է անդամակցի ոչ միայն Եվրասիական միությանը, այլև Մաքսային միությանը»։









































