Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը կարծում է, որ երեկ Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած և Հայաստանում զգացված երկրաշարժից հետո ծավալված խուճապը կանխելուն ուղղված մասնագիտական իրենց աշխատանքը կարելի է ոչ գերազանց, բայց հաջողված համարել: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Խուճապը կանխելու 3 նախպապայման կա. առաջին` պետք է իրազեկել` ինչ է տեղի ունեցել, երկրորդ, ինչ են անում կառավարման մարմիններրը և երրորդ` բնակչության վարքականոնները: Եթե այս տեղեկատվությունը ժամանակին և օպերատիվ կերպով ապահովվի, խուճապ չի լինի: Իսկ մենք դա ապահովեցինք տեղեկատվական բոլոր խողովակներով: Իհարկե, բարելավման շատ ուղղություններ կան, որոնց ուղղությամբ աշխատում ենք»,- նկատեց նա:
Նիկոլայ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ երկրաշարժերի կրկնվել-չկրկնվելու հավանականությունը ոչ ոք չի կարող կանխատեսել: «Երկրաշարժերից հետո ցնցումները նույնիսկ տարիներով կարող են շարունակվել: Բայց ամենակարևորն այն է, որ կոնկրետ այս դեպքում տարածքն այնքան հեռու է, որ եղած հետցնցումներն իրենց ազդեցությամբ մեզ վրա ավելին չեն կարող լինել, քան եղան: Միաժամանակ, ավերիչ երկրաշարժերը ոչ ոք չի կարող բացառել, ոչ ոք չգիտի` դրանք երբ կլինեն»:
Ամփոփելով` Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ նշեց որ հայ փրկարարները կազմ ու պատրաստ են և Թուրքիայի կողմից օգնության խնդրանք կամ առաջարկ ստանալուց անմիջապես հետո կարող են մեկնել այդ երկիր: «Թուրքիայի կողմից, սակայն, առայժմ, նման առաջարկ չկա»,- նկատեց նա:
Դեռևս հայտնի չէ` կա՞ն արդյոք Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ, թե ոչ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը փորձում է իր խողովակներով պարզել` կա՞ն արդյոք ավերիչ երկրաշարժի գոտում հայաստանցիներ:
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի Վան քաղաքից հյուսիս` Թաբանլի գյուղում, հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքով կան մեծ ավերածություններ և զոհեր: Հետցնցումները շարունակվում են:
Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաք Երևանում և Գյումրիում: Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է շուրջ 150 կմ։
Նախօրեին Հայաստանի ԱԻՆ-ում հայտնել էին, որ այստեղից 17 ավտոբուս է մեկնել Թուրքիա:






































