ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության Անվտանգության խորհրդի` Արևելաեվրոպական խմբից ոչ մշտական անդամի ընտրությունների մի քանի փուլերը երեկ արդյունք չեն տվել, և որոշում է ընդունվել քվեարկություն անցկացնել նաև հոկտեմբերի 24-ին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները, տվյալ խմբից Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար շարունակում են պայքարել Ադրբեջանը և Սլովենիան, որոնցից ոչ մեկին երեկ չի հաջողվել հավաքել քվեների պահանջվող երկու երրորդը. Ադրբեջանին պակասել է 14, Սլովենիային` ավելի քան 50 ձայն։
Պաշտոնական Բաքուն պահպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հույսերը, և թե՛ Ադրբեջանի արտգործնախարարությունից, թե՛ նախագահի աշխատակազմից այսօր հավաստիացրել են, որ հաջողությունը հնարավոր է մինչ քվեարկության օրը համապատասխան աշխատանքներ կատարելու դեպքում։








































