Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հանդեպ հաշվեհարդարը՝ բռնապետությունների, ի վերջո, վախճան ունենալու հետ կապված յուրօրինակ ուղերձ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ համեմատելով հյուսիսաֆրիկյան այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները և մարտիմեկյան դեպքերը Հայաստանում, ինչպես նաև երկու երկրների իշխող համակարգերը, պետք է փաստել, որ Հյուսիսային Աֆրիկան և մասնավորապես Լիբիան, ի տարբերություն Հարավային Կովկասի և Հայաստանի, մի փոքր այլ նշանակություն ունեն աշխարհի և Եվրոպայի համար:
«Իհարկե չեմ ուզում ասել, որ Հայաստանն աշխարհին հետաքրքիր չէ, բայց այդուհանդերձ միջերկրածովյան ավազանի երկրները չափազանց կարևորված են եվրոպական և ԱՄՆ քաղաքականության մեջ, նրանք էական դիրք ունեն Եվրոպայի համար: Հետևաբար նաև աշխարհագրությունը դեր խաղաց, որպեսզի միջազգային հանրությունը շատ հետևողական լինի Լիբիայի ղեկավարի և նրա բռնապետական ռեժիմի հանդեպ:
Ճիշտն ասած` ես չէի ցանկանա, որ Հայաստանում բռնատիրությունը վերանար այնպիսի եղանակով, ինչպես դա եղավ Լիբիայում, և նման սցենարի գործարկումը Հայաստանի պարագայում բացառում եմ: Մի բան ակնհայտ է. աշխարհի բոլոր բռնապետական ռեժիմները հրաշալի տեսնում են, թե ինչպես է աշխարհն աջակցում ժողովրդավարական ուժերին: Սա, իհարկե, վախ և խուճապ կարող է առաջացնել բռնապետների մոտ»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը` միաժամանակ հավելելով, որ քաղաքացիական պատերազմի միջոցով Հայաստանում իրավիճակ փոխելը հավանական չի համարում:
Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդը, ամիսներ տևած հետապնդումներից հետո, ապստամբների կողմից հայրենի Սիրթ քաղաքում սպանվեց հոկտեմբերի 20-ին:










































