Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանում տեղի ունեցած «Երիտասարդական նախաձեռնությունները հակաճգնաժամային դեղամիջոց» համաժողովի շրջանակներում Երևան հրավիրված եվրոպական երիտասարդական կազմակերպությունները ԵԽ-ին՝ երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու կոչ են ընդունել: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ համաժողովին մասնակցել են եվրոպական 15 երկրների 30 երիտասարդներ, այդ թվում՝ եվրոպական երիտասարդական «էքսպրես» ցանցի ներկայացուցիչներ: «Մեր կազմակերպությունը իր մեջ ներառում է հայաստանյան ավելի քան 80 երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում Ջավախքից և ԼՂՀ-ից: Անձամբ մեր և համաժողովի նպատակն էր եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը նպաստող ծրագրերին, ինչպես նաև խրախուսել երիտասարդների նախաձեռնած ծրագրերը» նկատեց Մխիթարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը համագործակցում է Հայաստանի սփյուռքի և սպորտի նախարարությունների հետ: Այդ համագործակցության և համաժողովի շրջանակներում նախատեսում ենք նաև երիտասարդ գործարարների համաժողով անցկացնել, որը սփյուռքահայ ներդրող երիտասարդներին հնարավորություն կընձեռի հայրենիքում լուրջ ներդրումներ անել, նրանց վարկավորման հնարավորություններ կտրվեն նոր նախաձեռնությունների համար:
Մխիթարյանը նշեց, որ իրենց կազմակերպած համաժողովի ավարտին եվրոպացի և հայ երիտասարդները նամակներ են գրել իրենց երկրների կառավարություններին, որոնցով կոչ են արել հետևողականություն ցուցաբերել իրենց բարձրացրած խնդիրների առնչությամբ: Նամակները կառավարություններին կուղարկվեն Նոր տարվա նախաշեմին:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում երիտասարդների շրջանում գործազրկությունը հասնում է 27 տոկոսի:











































