Սեպտեմբերի 20-ին Երևանի «Օրհուս» կենտրոնում տեղի է ունեցել քննարկում` նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին և բարձրացվել են հետևյալ հարցերը՝ ջրի կազմի փոփոխություն, ձկան անհետացում, լճի աղտոտում աղբով, կոյուղաջրերով, արտադրական թափոններով: Անդրադարձ է եղել նաև GeoProMining Gold, «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունների անօրինական գործունեությանը, ինչը խախտում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:
Բացի այդ, Բնապահպանության նախարարությանը բնապահպանները մեղադրել են Համաշխարհային բանկից վերցված 16 միլիոն դոլարի վարկը ոչ նպատակային ծախսելու համար: Մասնագետների փոխանցմամբ` իրենք Բնապահպանության նախարարությունից չեն կարողացել վերը նշված խնդիրների շուրջ պարզաբանում ստանալ: «Առաջին լրատվական»-ը զրուցեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի հետ` պարզելու, թե այս մեղադրանքները որքանով են հիմնավոր, իսկ եթե հիմնավոր չեն, ապա ի՞նչ հակափաստարկներ կարող են բերել:
Ջրի կազմի փոփոխության վերաբերյալ Ավալյանը նախ նկատեց, որ ճիշտ է, փոփոխություն կա, բայց դեպի լավը և պարզաբանեց. «Նախորդ տարվա համեմատությամբ (թափանցելիությունը դիտվել է 3-3.5 մ սահմաններում), մեծացել է լճի թափանցելիությունը` փոփոխվելով 6-11 մ սահմաններում, որը դրական միտում է: Այս տվյալները վկայում են, որ լիճը, ըստ թափանցելիության ցուցանիշի, մեզոտրոֆ վիճակում է, մոտ օլիգոտրոֆի սահմանին»: Իսկ ձկան անհետացման մասին խոսելիս նշեց, որ 2007-2010 թվականների պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների համալրում, որի արդյունքում 2007թ. լիճ են բաց թողնվել Սևանի կողակի, ամառային իշխանի, գեղարքունի ձկնատեսակների ընդհանուր 2.440.680 թրթուր և մանրաձուկ, 2008թ. լիճ է բաց թողնվել ամառային իշխանի և գեղարքունի ձկնատեսակների 248.681 մանրաձուկ, 2009թ.` ամառային իշխանի և գեղարքունի ձկնատեսակների 312.000 մանրաձուկ, իսկ 2010թ. լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 192.000 մանրաձուկ:
2010թ. օգոստոսին ՀՀ ԳԱԱ կողմից իրականացված ուսումնասիրությամբ` որսի արդյունքում Մեծ Սևանի Գյունեյի տարածքում որսվել են իշխանի 7 առանձնյակ, որից 4-ը` գեղարքունի, 3-ը` ամառային բախտակ: Ըստ ԳԱԱ կենսաբանական ցուցանիշների վերլուծության` որսված իշխանները 2+ և 4+ տարեկան են, այսինքն` ծնվել են 2006-2008թթ.: Արձագանքելով մեր հարցին, թե ինչո՞ւ աշխատանքներ չեն տարվում սիգի բազմացման շուրջ` Ավալյանը պատասխանեց, որ սիգը տեղի կենդանատեսակներին չի պատկանում և տեխնիկապես դրա բազմացման հնարավորությունը չկա: Ավելին` սիգը բերվել է Լադոգա, թե Օնեգա լճից և Սևանի մայր ձուկ չէ: Ըստ Ավալյանի` Սևանի մայր ձուկ են իշխանը, բեղլուն և կողակը: Մեր այն դիտարկմանը, թե սիգը ավելի մատչելի՞ չէր ազգաբնակչության համար` պատասխանեց, որ ապրանքի գինը իր քանակով է պայմանավորված, և եթե բազմացվող ձկները շատանան, գինն ինքնըստինքյան կնվազի:
Անցում կատարելով լճի աղտոտվածությանը, աղբի, կոյուղաջրերի և արտադրական թափոնների վերաբերյալ ահազանգին` ԲՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցել մաքրման կայաններ: Այս աշխատանքները սկսվել են 2010թ., նախատեսվում է ավարտել 2013թ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան քաղաքների կոյուղացանցերի վերանորոգման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2011 թվականին:
Ինչ վերաբերում է 16 միլիոնի ոչ նպատակային օգտագործմանը` պարզաբանեց, որ Համաշխարհային բանկ/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը իրականացրել է Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր, որի շրջանակներում «Սևան» ազգային պարկում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ կապիտալ վերանորոգվել են ազգային պարկի վարչական շենքերը, կառուցվել են մասնաճյուղեր, ազգային պարկի անձնակազմի համար ձեռք են բերվել դաշտային, լաբորատոր, գրասենյակային և վերանորոգման սարքավորումներ, կահույք, տրանսպորտային միջոցներ, այդ թվում` տրակտորներ, 51 համայնքների համար մշակվել են կառավարման պլաններ և այլն, և այլն: Իսկ ներկա պահին աշխատանքներ են տարվում Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նոր կարգի, ինչպես նաև Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիման վրա ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման ուղղությամբ:
Ի դեպ, Ավալյանը նշեց, որ կատարվում են նաև մաքրման լուրջ աշխատանքներ ափերը անտառային զանգվածից և այն շենք-շինություններից ազատելու ուղղությամբ, որոնք կան մինչև 1903,5 նիշը ընկած հատվածում: Դա այն նիշն է, մինչև որը նախատեսվում է 2020թ. ջրի մակարդակը բարձրացնել:
Լսելով Բնապահպանության նախարարության պարզաբանումը` տպավորություն է ստեղծվում, որ մի կողմը բարձրաձայնում է Սևանի վերածնման, իսկ մյուսը` ոչնչացման մասին: Հուսանք, որ ժամանակը անդառնալի կորուստներ չի արձանագրի:










































