Իրանը պատրաստ է Թուրքիային օգնություն ցուցաբերել քուրդ զինյալների դեմ պայքարում, որոնց հենակետերը գտնվում են Իրաքի հյուսիսային լեռներում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Երկու երկրները համաձայնել են համագործակցել՝ արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Ալի Աքբար Սալեհի Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Կողմերը չեն պարզաբանել, թե ինչում է կայանում Իրանի օգնությունը:
Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ թուրք զինվորականները օդուժի միջոցով իրականացնում են Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների դեմ օպերացիան: Ռազմական գործողության առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ մի քանի հարյուր զինյալներ հատել էին Թուրքիայի սահմանը, որպեսզի հարձակում իրականացնեն Թուրքիայի հարավարևելյան ռազմական պահակակետերի վրա: Հարձակման հետևանքով մահացել է 24 զինվոր, իսկ 16-ը վիրավորվել են:









































