Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 17-20-ը գտնվել է Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Որպես Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ, Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին:
Աշխատանքային այցի շրջանակում Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանի գործընկեր և քույր քաղաքների քաղաքապետերի ու ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այդ համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտության, ինչպես նաև փոխշահավետ գործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանն այսօր բաց է և պատրաստ քննարկելու փոխշահավետ ներդրումային ցանկացած առաջարկ:
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` առաջիկայում առավել գործնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:








































