Ինչպես տեղեկացրել էինք, բնապահպանները ահազանգելով Սևանա լճի աղտոտման մասին՝ աղբով, կոյուղաջրերով, արտադրական թափոններով, առանձնացրել էին GeoProMining Gold, «Գեգամետ պլյուս» և «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունների անօրինական գործունեությունը, ինչը խախտում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:
Ի պատասխան՝ Բնապահպանության նախարարությունը մեզ տեղեկացրել էր, որ Սևանա լճի ջրերը կեղտաջրերով աղտոտումից զերծ պահելու նպատակով դեռևս 2006թ. մարտին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Սևանա լճի ջրհավաք ավազանի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների բնակավայրերում և բնակավայրերից դուրս օբյեկտների շահագործումից առաջացող կեղտաջրերի մաքրման մասին» թիվ 397-Ն որոշումը, որով նախատեսվում է Սևանա լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերը, մինչև Սևանա լիճ թափվելը, ենթարկել պարտադիր մաքրման:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցել մաքրման կայաններ: Այս աշխատանքները սկսվել են 2010թ. և նախատեսվում է ավարտել 2013թ.:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Բնապահպանության նախարարության պատասխանին՝ նշեց, որ մենք ունենք օրենք, որն ասում է, որ ցանկացած գործունեություն, որը վնասում է Սևանա լիճը, արգելվում է Սևանի ջրհավաք ավազանում:
«Արդյունաբերությունը վնաս է, քանի որ քրոմ է պարունակում, իսկ քրոմը համարվում է առաջին կարգի տոքսիկ էլեմենտ: Սա ոչ թե մենք ենք հնարել, այլ ընդունված կարգ է: Ուրեմն այդ արտադրությունը վնաս է և չի կարելի դնել Սևանի ջրհավաք ավազանում: Հիմա ասում եք՝ պետք է մաքրման սարք տեղադրվի, ինչո՞ւ ինչ-որ կամպանիայի շահերի համար ավելորդ գումար ներդրվի: Թող նրանք հասարակական լսումներ կազմակերպեն և մեզ ցույց տան, թե էդ ինչ սարք է, էդ ինչի վրա են փող ծախսում, մենք էլ մեր մասնագետներին կկանչենք, տեսնենք լավ սարք է վատ սարք է, ինչ կարժենա: Մի հատ քննարկենք այդ հարցը: Տեսեք, քանի ամիս է անհանգստանում ենք, որ Սոտքի ջրհավաք ավազանում անօրինական ջարդիչ սարքավորող կոմպլեքսն է գործում: Երեկ մենք գնացել ենք այդտեղ, ամբողջ ուժով դա աշխատում է՝ աղում ու աղում է, աղում ու աղում է: Պարզ չի՞, որ դա թափվելու է Սևանա լիճ, թող նրանք էդ հարցը լուծեն և նոր ասեն, թե ոնց են փրկում Սևանը»,- եզրափակեց Ինգա Զառաֆյանը:











































