Հանրապետության առանձին լեռնային շրջաններում այս պահին ձյուն է տեղում, սակայն դրա մեջ արտասովոր, անոմալ ոչինչ չկա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ ձյունը կանխատեսվել էր դեռ երեկ:
Նրա խոսքով՝ ձյան տեսքով տեղումներ դիտվում են Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի` ծովի մակարդակից 1800 մ բարձրությունների վրա: «Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ հոկտեմբերին ձյուն է տեղում, եղել են տարիներ, երբ, ասենք, Ամասիայում, ձյուն եկել է օգոստոսին»,- նկատեց Սուրենյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հանրապետությունում հաստատված ցիկլոնն աստիճանաբար տեղափոխվում է դեպի Կասպից ծով, և տեղումներն արդեն երեկոյան կդադարեն: «Հոկտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Ամենացածր` -1 -6 ջերմաստիճանը կգրանցվի լեռնային շրջաններում, նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը մոտ կլինի 0-ին: Արարատյան դաշտի առանձին հատվածներում ևս այսօր և հոկտեմբերի 22-ին կգրանցվի 0 աստիճան»,- նկատեց Գագիկ Մինասյանը:
Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը նշեց, որ Երևանում առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կգրանցվի 0 +2, ցերեկը` +14 +16 աստիճան տաքություն:









































