Երևանում երեկ մեկնարկել է «Գրական տապան. տասը տարի անց» ծրագիրը, որի շրջանակում Հայաստան են ժամանել եվրոպացի անվանի գրողներ:
Նախագծի շրջանակում կքննարկվեն ժամանակակից գրականությանն ու մշակույթին առնչվող հարցեր, 10 օր նրանք հնարավորություն կունենան շրջել Հայաստանում, որից հետո կհրատարակվի ամփոփիչ գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցները կպատմեն իրենց հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած խոհերի ու տպավորությունների մասին:
Ծրագիրն ուղղված է տարբեր ազգերի գրականությունների ու գրողների մերձեցմանը:
Հայաստան են ժամանել գրողներ Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Առլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիթ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):
Ծրագրի շրջանակում այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Հոմոլյուդենս» (ստեղծագործող մարդ) ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակում ելույթ ուենցան հոլանդացի գրող, դիզայներ Առլետ Վան Լաարը և բանաստեղծ, դերասան Սերժ վան Դայնհովենը:
Հոկտեմբերի 24-ին Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի կունենա Դավիթ Մուրադյանի «Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի բեմական հայերեն և անգլերեն ընթերցումները, որի ստեղծագործական տարբերակների հեղինակներն են լեհ բեմադրիչ Յացեկ Պացոխան, էստոնացի գրող, կինոռեժիսոր Պետեր Սաուտերը և հունգարացի բեմադրիչ Լասլո Գարացին: Բեմադրության ռեժիսորը Վահան Բադալյանն է:
Ծրագիրն իրականացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ու Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ:










































