Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի հիմնական քննարկման առարկա է հանդիսացել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգում տեղի ունեցած թուրք-քրդական բախումը, որին զոհ է գնացել ավելի քան 20 զինծառայող։
Քլինթոնն իր ցավակցությունն է հայտնել այդ կապակցությամբ, դատապարտել է քուրդ զինյալների գործողությունները և իր երկրի աջակցությունը հայտնել Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում։
Դավութօղլուն իր հերթին զանգահարել է իր իրաքցի գործընկեր Հոշյար Զեբարիին և նույն հարցը քննարկել նրա հետը։ Զեբարին դատապարտել է տեղի ունեցած միջադեպը՝ այն որակելով որպես անընդունելի արարք։
Հիշեցնենք, որ քուրդ զինյալների այդ հարձակումը դատապարտել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն։







































