«Երբ դանակը ոսկորին է հասնում, հասարակությունն, իհարկե, կարող է ոտքի կանգնել, բայց խոսքն այդ դեպքում ոչ թե քաղաքացիական հասարակության, այլ ընդամենը զայրացած ամբոխի մասին է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Քաղաքացիական հասարակություն մեր երկրում պարզապես գոյություն չունի, հետևապես ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող երևույթն ազդեցություն գործել քաղաքական կյանքի կամ համակարգի վրա: Չարենցը հանճարեղ է եղել: Մեզ մոտ միայն խելագարված ամբոխներ են»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության բացակայության մասին վկայեցին նաև Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները, որոնք այդպես էլ շոշափելի արդյունքների չհանգեցրին:
Ամփոփելով` Կարեն Քոչարյանը նկատեց. «Մի կողմ թողած սոցիալական և մնացած բոլոր տիպի խնդիրները, բանակում կատարվող ողբերգական իրադարձությունները` ազգովի տառապում ենք անժելասարգսյանների շուրջ եղած սկանդալային լուրերով: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ մեր երկրում, քաղաքացիական հասարակության փոխարեն, կա զուտ կենդանական բնազդով ապրող ամբոխ»:










































