Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է այն երկրների ցանկը, որոնք «Արաբական գարնանից» առաջ զենք են վաճառել Մերձավոր Արևելքի երկրներին, ինչը արդյունքում ծառայել է որպես լուրջ գործիք մարդու իրավունքների խախտման համար: Երկրների ցուցակը կազմակերպությունը հրապարակել է իր զեկույցում:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, այդ երկրների ցանկում են հայտնվել Ավստրիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չեխիան: Նրանց կողմից զենք է ուղարկվել Բահրեյն, Եգիպտոս, Եմեն, Լիբիա և Սիրիա:
Amnesty International-ի հայտարարության համաձայն` զենք արտահանող պետությունները դիտավորյալ արհամարհել են այդ երկրների վարչակարգերի բռնատիրական բնույթը, մյուս կողմից՝ իրենց աջակցությունը հայտնելով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում բողոքի ցույցերին:
Կազմակերպությունը խոստովանում է, որ թեև մատակարար երկրները «Արաբական գարնան» սկզբին կրճատել են զենքի վաճառքի ծավալները, այնուամենայնիվ, «չարիքը տեղի է ունեցել»:









































