Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 12-ին նամակ է ուղարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նամակում մասնավորապես նշված է. «Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել Ձեզ՝ այն մասնակցության համար, որ Դուք բերեցիք Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրակացնելու հոկտեմբերի 6-ին և 7-ին։
Ես գիտեմ, թե Դուք ինչ կարևորություն եք տալիս Ֆրանսիային, ուր Դուք երկար ծառայել եք որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, և թե ինչ բացառիկ նպաստ եք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը։
Ձեզ շնորհված Պատվո լեգիոնի բարձրագույն սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն՝ այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք նախագահ Սարգսյանն ու ես թե՛ Փարիզում, թե՛ Երևանում, չլինի սոսկական խոսք։
Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրև արտաքին գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երևանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ»։
Ֆրանսիայի նախագահը Հայաստանին մաղթել է խաղաղ ու բարեկեցիկ ապագա, Նալբանդյանին` հաջողություն իր դիվանագիտական աշխատանքում:










































