Երեկ ուշ երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված էր պայմանագրի ստորագրմամբ, ինչը նպաստելու է ԱՊՀ անդամ-երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: «Մենք պարտավոր ենք ստեղծել ժամանակակից հարթակներ, որոնք թույլ կտան մեր տնտեսություններին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Մեր կողմից ստորագրված այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների և մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: Այսօր նաև քաղաքական կամք էր պահանջվում ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ այսօր պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում»,- ասել է նա:
Այսօր առավոտյան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան (նախկինում՝ Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտ):
Հիշեցնենք, որ հենց այստեղ է բարձրագույն կրթություն ստացել ու իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել ՀՀ վարչապետը։






































