Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի և «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից գործարկվել է գույքահարկի և հողի հարկի առցանց վճարման համակարգը:
«Բոլոր նրանք, ովքեր ունեն աշարժ կամ շարժական գույք և համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի և հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլև վճարումներ կատարել առցանց վճարման համակարգի միջոցով, այդ թվում նաև եթե նույն հարկատուն ունի պարտավորություններ, մի քանի վարչական շրջաններում միաժամանակ»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը:
Եռալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից:
Համակարգը կիրարկման մատչելիությամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի հարկատուներին:
Ըստ այդմ, հարկատուն նախ մուտք է գործում համակարգ (www.idram.am կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից` www.yerevan.am -ի աջ հատվածից), գրանցում է վիրտուալ հաշիվ, ստանում հատուկ կոդ, որի արդյունքում պարտքերի և տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հարցում ուղարկելու հնարավորություն է ստանում:
Քաղաքացին նաև կարող է անձամբ որոշել, թե ո՞ր տարվա և ո՞ր հարկն է ցանկանում վճարել և, լիցքավորելով վիրտուալ հաշիվը, կատարում է իր հարկային պարտավորությունները: Համակարգում գրանցված անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորվում է:
Ծրագիրն աշխատում է բանկային համակարգի միջոցով: Առաջիկայում ստացած կոդերով հնարավոր կդառնա վճարումներ կտարել նաև առցանց վճարման համակարգի բոլոր տերմինալներից:









































