ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած հաղորդումը, ըստ որի, թիվ N զորամասի զինծառայողին սպանելու և ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու և հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, որից 7.000 դոլարը փոխանցել է կայազորի զինվորական դատախազության դատախազին: Ըստ հաղորդման՝ վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաև` հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսևորումները բացառելու նպատակով:










































