Թուրքական Zaman թերթը, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնում է, որ թուրքական բանակը մտել է Հյուսիսային Իրաք։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում հրթիռակոծել են տեղի անվտանգության ծառայության ու ոստիկանության շենքերը՝ սպանելով 24 և վիրավորելով 18 զինծառայողի։
Նշվում է, որ դրանից հետո թուրքական զորամիավորումները տաք հետքերով մտել են Հյուսիսային Իրաք, ուր գտնվում են քուրդ զինյալների բազաները։ Ներխուժման ծավալի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին թուրքական խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը, որը սպառվում էր հոկտեմբերի 17-ին։ Դրանով թուրքական բանակի առջև «կանաչ լույս» է վառվել Հյուսիսային Իրաք ներխուժելու համար։
Ի դեպ, երեկ Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավարությունը սկսել էր տարհանել քուրդ զինյալների ճամբարների մոտ ընկած գյուղերի բնակչությանը։






































