Կենտրոնական բանկի այսօր հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն»-ում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը զերծ չի հարևան և գործընկեր երկրների զարգացումների հավանական ազդեցություններից: 2011 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ՌԴ-ից ստացվել է ՀՀ ներհոսող տրանսֆերտների և գործոնային եկամտի 82%-ը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների՝ 40%-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստան արտահանումը կազմել է ՀՀ արտահանման 12.08%-ը, իսկ Ռուսաստանից ներմուծումը՝ ՀՀ ներմուծման 16.47%-ը: Նշված ցուցանիշները հարևան Վրաստանի համար կազմել են՝ համապատասխանաբար 4.63% և 5.71%, իսկ Թուրքիայի համար` 0.07% և 5.3%:
2011 թ. առաջին կիսամյակում հարևան երկրներում շարունակվել է տնտեսական ակտիվության վերականգնումը, թեև դրսևորվել են նաև տվյալ երկրներին հատուկ որոշակի ռիսկեր: Ընդհանուր առմամբ, այդ երկրների զարգացումները դրական են անդրադարձել ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես` ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտները, Ռուսաստանում և Վրաստանում մասնավոր պահանջարկի վերականգնմանը զուգընթաց աճել են Հայաստանից արտահանվող ապրանքների՝ հիմնականում պատրաստի սննդի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալները: Վրաստանի քաղաքական և տնտեսական կայունության պայմաններում հնարավոր է եղել պահպանել Հայաստան ներմուծվող ապրանքների փոխադրման ծախսերի կայուն մակարդակը և առկա տրանսպորտային միջանցքի անխափան գործունեությունը:
Հարևան երկրներում գրանցված բարձր գնաճի մակարդակը ազդեցություն է ունեցել նաև Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների գների բարձրացման վրա:









































