Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները և այդ համատեքստում կարևորել Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին` դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանն, ինչպես և անցյալում, պատրաստ է աջակցել Գլխավոր Քարտուղարին`ԵԽ բարեփոխումների գործընթացում:
Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում և գոհունակությամբ նկատել, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների և Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին և պատկերացումներին: Նա նաև ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները և հեռանկարները:










































