Հռոմի քաղաքապետ Ջաննի Ալեմաննոն մեկ ամսով արգելել է Իտալիայի մայրաքաղաքում երթեր և ցույցեր անցկացնել: Ինչպես հաղորդում է La Repubblica թերթը, նոր օրենքի համաձայն` դժգոհները կարող են անցկացնել միայն նստած գործադուլներ, ընդ որում՝ հատուկ իրենց համար նախատեսված վայրերում:
Իշխանություններն այդպիսի քայլի են դիմել այն բանից հետո, երբ Հռոմում տեղի ունեցած երիտասարդների ցույցը վերածվեց բախումների: Իշխանությունները տեղեկացնում են, որ բախումների հետևանքով վիրավորվել է 70 մարդ, կան ձերբակալվածներ:
Տեղի մամուլը գրում է, որ խանութները թալանված են, ցուցափեղկերը` կոտրված: Հռոմին հասցված վնասը գնահատվում է մոտ 1 մլն եվրո:
«Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիան տարբեր գնահատականներով Հռոմում հավաքել է 100-200 հազար մարդ:








































