Այսօր Երևանի պատմության թանգարանում բացվեց լուսանկարների ցուցահանդես` նվիրված Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին, որն իրականացվում է «Արևորդի» երրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 21-ը, որի ընթացքում ցուցադրվելու են և՛ Երևանի կենդանաբանական այգու արխիվում պահպանված, և՛ «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթի»-ի մասնակիցների լուսանկարները, որոնք մասնավորապես պատկերում են կենդանիներին, նաև կենդանաբանական այգին, նրա առօրյան և աշխատողներին: Նշենք նաև, որ կազմվել է 3 լուսանկարիչներից բաղկացած գնահատող հանձնաժողով`Սեդրակ Մկրտչյան, Հայկ Բաղդասարյան և Գևորգ Գևորգյան:
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում պարզ դարձան նաև լավագույն սիրողական և պրոֆեսիոնալ նկարների հեղինակների անունները: Սիրողական լուսանկարների մրցույթին հաղթող են ճանաչվել Հայկ Կարապետյանը, Քրիստինա Հարությունովան, Արման Կարախանյանը, իսկ պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթի լավագույններն են Պարգեւ Էջուրյանը, Վահե Հակոբյանը, Սարգիս Վիրաբյանը:






































