Օրերս թերթերից մեկը լուր էր հրապարակել, որ խարդախության կասկածանքով ձերբակալվել է Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Արթուր Աթարբեկյանը:
Սկզբում տարօրինակ թվաց, որ ՓՊ-ը որևէ քայլ չի անում իր անդամին պաշտպանելու համար: Մի բան, որ արվել էր, օրինակ, պետական կարիքների զոհերի իրացված տարածքների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին կալանավորելու ժամանակ. 10 փաստաբաններ ստանձնել էին նրա պաշտպանությունը, և Պալատը պատրաստ էր նույնիսկ ավելի խիստ քայլերի գնալ, եթե հանիրավի դատապարտեին նրան: Ավելին` այս տարվա հուլիսին նույն փաստաբանները բողոքի ակցիա էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ` ի պաշտպանություն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի, այսինքն` դատական համակարգի ներկայացուցչի, որոնցից սովորաբար բողոքում են ոչ արդարացի դատական ակտեր կայացնելու համար: Փաստաբանները փորձում էին նրան ազատել Արդարադատության խորհրդի պատժից և հորդորել հանրապետության նախագահին` մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԽ միջնորդությունը: Իհարկե, այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ, սակայն երևույթը հետաքրքիր էր:
Իսկ ինչո՞ւ նույն բանը չի արվում Արթուր Աթարբեկյանի դեպքում: Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք հեռախոսով կապվել ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի հետ, ու թեև մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, այդուհանդերձ հայաստանյան լրատվական կայքերից մեկի հետ ունեցած զրույցում պարոն Սահակյանը հաստատել էր ձերբակալման մասին լուրը և մանրամասներ չհայտնելով (քանի որ չի տիրապետել) նշել, որ իր համար Աթարբեկյանի ձերբակալությունը նորություն չէր: «Սպասում էի այդ օրվան: Շշուկներ կային, լսել էի այդ մասին, իրեն հարցնում էի, ասում էր` չէ, չկա նման բան»,- նշել էր նա` իր ղեկավարած կառույցի անդամի արարքը «շատ վատ» գնահատելով: Նա նաև փոխանցել էր, որ լսել է, որ «Աթարբեկյանի միջոցով 38 հազար կամ 50 հազար ԱՄՆ դոլարի կաշառք է փոխանցվել»: Բայց հետաքրքիր է, որ միայն Աթարբեկյանին չեն կասկածում նման հակաիրավական արարքի մեջ. այս պահին այդպիսի մի գործ ընթացքի մեջ է նաև ՓՊ մեկ այլ փաստաբան Կարինե Ավանեսյանի վերաբերյալ: Սակայն Կարինե Ավանեսյանին առայժմ թողնենք մի կողմ, և, քանի որ Աթարբեկյանի մասով քննությունը դեռ սաղմնային փուլում է` նախաքննական գաղտնիքի քողի տակ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ գործերով է զբաղվել Արթուր Աթարբեկյանը և կարո՞ղ են արդյոք լինել նրան ձերբակալելու այլ դրդապատճառներ, բայց խարդախության կասկածանքով:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պարոն Աթարբեկյանը վերջին տարիներին զբաղվել է մի շարք աղմկահարույց գործերով: Կոնկրետ «Առաջին լրատվական»-ի հետ ունեցած վերջին զրույցը պարոն Աթարբեկյանի հետ եղել է բառացիորեն օրեր առաջ: Զանգի առիթը ԱԱԾ գաղտնալսումների և օլիգարխներին վաճառելու աղմուկ հանած պատմության գործով որոշ մանրամասներ պարզելն էր: Նա է եղել այս գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի` 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանի պաշտպանը: Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի ներկայացմամբ` Ա.Տեր-Մինասյանը ի պաշտոնե հանդիսացել է հեռահաղորդակցության և ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի աշխատակից և 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից:
Նա իր ծանոթ Վ.Չիլինգարյանից տեղեկացել էր, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ.Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ: Լաիշյանի ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա.Տեր-Մինասյանը և Վ.Չիլինգարյանը Ռ.Լաիշյանից պահանջել են նախ $5000, ապա` $3000 կաշառք: Նախնական պայմանավորվածության համաձայն` 2010թ. ապրիլի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա.Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ.Լաիշյանին և ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1.206.030 ՀՀ դրամին համարժեք $3000 կաշառք: Իհարկե այս պաշտոնական մասին ծանոթանալով մեծ կասկած է մնում. եթե ընդամենը սրանում է մեղադրվում Արմեն Տեր-Մինասյանը, ապա ինչո՞ւ են դատական որոշ նիստեր դռնփակ արվել և ազգային անվտանգությանն առնչվող ի՞նչ ցուցմունքներ են տվել որոշ վկաներ, էլ ովքե՞ր են թաթախված եղել այս գործում:
Նախնական շրջանում` աղմուկից հետո իր պաշտոնից ազատվեց նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանը («Կրակեմ Հրաչը»), ում պաշտոնանկությունը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ևս կապվում է աղմկահարույց այդ գործի հետ. լուրեր կային, որ Սերժ Սարգսյանի թիկունքում հենց նա է կոորդինացրել որոշ պաշտոնյաների և օլիգարխների հեռախոսազրույցները գաղտնալսելու և մեծ գումարների դիմաց շահագրգռված անձանց փոխանցելու գործը: Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը` դեռ հայտնի չէ և հավանաբար հայտնի էլ չի լինի, քանի որ հատկապես այդ գործի նյութերը հույժ գաղտնի թղթապանակների մեջ են պահվելու` թեկուզ այն պատճառով, որ դա խայտառակություն է հենց հանրապետության առաջին դեմքի համար (եթե իսկապես դա այդպես է)… Ինչևէ, կրկին անդրադառնալով Ա.Աթարբեկյանի առնչությանը այս գործին (որից նա պետք է որ շատ լավ տեղյակ լիներ) և նրա ու «Ժամանակ»-ի միջև տեղի ունեցած զրույցին, նշենք, որ փաստաբանը ձեռնպահ մնաց որևէ տեղեկատվություն տրամադրել մեզ` պատճառաբանելով, որ ինքը միայն նախաքննության փուլում է եղել Արմեն Տեր-Մինասյանի պաշտպանը, և որ այդ գործով այժմ զբաղվում է ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը: Նրա հետ նախորդ անգամ էլ չհաջողվեց հեռախոսով կապվել:
Մինչ այդ, 2008-ի մարտի 1-ից հետո էլ Արթուր Աթարբեկյանը նախնական փուլում ստանձնել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված, այժմ` արդեն ազատված Սասուն Միքայելյանի պաշտպանությունը: Դատաքննության փուլում նախկին քաղբանտարկյալը հրաժարվել է Ա.Աթարբեկյանի պաշտպանությունից: Վերջինս եղել է նաև նույն մարտի 1-ի գործով դատապարտված, 60-ամյա նկարիչ Աշոտ Մանուկյանի պաշտպաններից մեկը: Նա հետապնդվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի համակարգողը լինելու համար, սակայն դատապարտվել է իշխանության ներկայացուցչի` անհայտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու և սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու համար:
Ա.Աթարբեկյանը մոտ 5 ամիս եղել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու գործով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի պաշտպանը: Այս գործը ևս լուսաբանվել է լրատվամիջոցներով, և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը որոշել էր ծառայողական քննություն կատարել lragir.am-ում դեկտեմբերի 27-ին հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածում տեղ գտած հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ. նշվել էր, որ «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել` ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով: Ստեփանի հորից` Բենիամին Հովակիմյանից տեղեկացանք, որ բռնությունների, խոշտանգումների մասով քրգործի հարուցումը մերժվել է, որն այժմ Ստեփանի ծնողները վիճարկում են Վերաքննիչ դատարանում:
Ա.Աթարբեկյանը ԱԱԾ-ի հետ առնչվող ևս մի գործի հետ կապ ունի: Նա ԱԱԾ քննիչ Վ.Կոթոլյանի պաշտպաններից է եղել: Իսկ ինչո՞ւմ է մեղադրվել Կոթոլյանը: 350 գրամ ափիոն տեսակի թմրանյութի իրացման համար ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննչական վարչության կողմից մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Գևորգյանին: Չանցած մի քանի օր, ոստիկանության 4-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազոր Մուրադ Բաղդասարյանին կալանավորը հայտնել է, որ ամռանը, երբ իրեն ու իր ընկերուհուն «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են թմրամիջոց պահելու կասկածանքով, ԱԱԾ քննչական խմբի անդամ, քննիչ Վլադիմիր Կոթոլյանն իրենից գործը փակելու համար 4000 դոլար է ստացել «Մամա-Միա» սրճարանում… ԱԱԾ-ում հոգեկան և վարքագծային խանգարումներ ունեցող Գևորգյանի ցուցմունքի հիման վրա քննիչ Վլադիմիր Կոթոլյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման:
Վ.Կոթոլյանի պաշտպանները ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ուղարկած իրենց վերաքննիչ բողոքում գրել են. «Հովհաննես Գևորգյանի համար ԱԱԾ ՁՊՎ-ում ստեղծվել են արտոնյալ պայմաններ: Պատահական չէ, որ հենց ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում է, որ նա օգտագործել է կոկաին թմրամիջոց և որպես փոխհատուցում Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ տվել է սուտ ցուցմունքներ»: Ի դեպ, մինչ դատապարտվելը, ԱԱԾ քննիչ Վլ.Կոթոլյանը գտնվել է քննչական խմբի կազմում, որը քննել է հայրենիքի դավաճանության մեղադրանքով կալանավորված, «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ՊՆ աշխատակից Գևորգ Հայրապետյանի, ազերի Բեհնար Բաղերիի գործի վարույթը:
Ա.Աթարբեկյանն առնչվել է նաև Լոռու մարզի քրեական պատմություններին. իրականացրել է Սպարտակ Մանուչարյանի պաշտպանությունը, ով դատապարտվել է 2009-ի հուլիսի 1-ին` ժամը 2:00-ի սահմաններում, իրենց շենքի մոտ «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում ավտոմատային կրակահերթերով Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանին սպանելու համար: Իրականացրել է անցյալ տարվա ապրիլի 25-ին անհայտ պատճառներով ինքնասպան եղած 33-ամյա Համլետ Քարհանյանի պաշտպանությունը` մինչ դեպքը: Վերջինս մեղադրվել է կրակոցներով ավարտված ինչ-որ հանցագործություն պարտակելու մեջ…
Հ.Գ. Հետաքրքիր է` այս գործերով ի՞նչ կարևոր տեղեկությունների է տիրապետել Արթուր Աթարբեկյանը: Նրան ձերբակալելու պատճառը ինֆորմացիայի արտահոսքի համար պատժե՞լն է եղել, արտահոսքը կանխե՞լը, թե՞ իսկապես կաշառք է փոխանցել ինչ-որ անձի…





































