«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցները շաբաթ հայտարարել են լայնածավալ բողոքի ցույցի օր. նրանց կաջակցեն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի իրենց համախոհները:
Բողոքի ցույցերն ուղղված են բանկիրների, ֆինանսիստների և քաղաքական գործիչների դեմ, որոնց ակցիայի մասնակիցները մեղադրում են չարաշահումների և համաշխարհային տնտեսության կործանման մեջ:
Շարժման վեբկայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 15-ին աշխարհի ավելի քան 950 քաղաքներում և 82 երկրներում տեղի կունենա միջազգային զորակցության օր`ուղղված 1% կազմող հարուստների ժլատության և կոռումպացվածության դեմ:
Բողոքի ցույցեր տեղի կունենան Նոր Զելանդիայից մինչև Ալյասկա, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և հենց Նյու Յորքում: Ոստիկանությունն արդեն պատրաստ է հնարավոր անկարգություններին , հատկապես Լոնդոնում և Աթենքում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից հետո: Սակայն առայժմ հնարավոր չէ հստակ նշել, թե քանի մարդ կմասնակցի ցույցերին:
Ակցիայի մասնակիցները որպես բողոքի նշան պատրաստվում են նաև հանել իրենց գումարները ԱՄՆ ամենամեծ ֆինանսական ինստիտուտից` J.P. Morgan Chase բանկից:
Հիշեցնենք՝ երեկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սան Դիեգո քաղաքում, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել դրա մասնակիցների դեմ:




































