Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կարճատև այցով այցելելու է Նախիջևան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովը։
Վերջինս նշել է, որ Նախիջևանում Դավութօղլուն մասնակցելու է Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպմանը։
Բագիրովը հավելել է, որ Նախիջևան այցելելու պլաններ ունեն նաև Թուրքայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ինչպես նաև պաշտպանության, արդարադատության, առողջապահության նախարարներն ու Գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել այս տարեսկզբին Ստամբուլում, իսկ երկրորդ հանդիպումը՝ ապրիլի 16-ին, իրանական Ուրմիա քաղաքում։ Այնտեղ կողմերը պայմանավորվեցին երրորդ անգամ հանդիպել այս տարվա հոկտեմբերին Նախիջևանում։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկում են տնտեսական, զբոսաշրջային, գիտական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կառույցներում եռակողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ։
Ի դեպ, հուլիսի կեսերին իրանական կողմը չէր բացառել, որ այդ եռակողմ հանդիպումներին մասնակցելու հրավեր կարող է ստանալ նաև Հայաստանը։ Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրան դեմ չարտահայտվի թուրք-ադրբեջանական կողմը։










































