ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Դանվերս քաղաքում ամերիկացի ընտանեկան զույգը երեխաների հետ մոլորվել է եգիպտացորենի լաբիրինթոսում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ դեպքը տեղի է ունեցել Connors Farm ֆերմայում շաբաթվա սկզբին և մեծ արձագանք է ստացել մամուլում: Ընտանիքի անդամները որոշել են զբոսնել լաբիրինթոսում, սակայն շուտով հասկացել են, որ չեն կարողանում ինքնուրույն գտնել դուրս գալու ճանապարհը: Երբ սկսել է մթնել, նրանք խուճապի են մատնվել և զանգահարել են փրկարար ծառայություններ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շների օգնությամբ 10 րոպե անց փրկել են ընտանիքին: Պարզվել է, որ նրանք եղել են լաբիրինթոսի մուտքից 8 մետր հեռավորության վրա:
Ֆերմայի սեփականատերը հայտնել է, որ ինքը կցանկանար ցուցանակ տեղադրել այն վայրում, որտեղ մոլորվել են նրանք: «Ես, իհարկե, չեմ ցանկանում նրանց վիրավորել, ուստի դեռ չեմ մտածել, թե ինչ կարելի է վրան գրել: Միգուցե պարզապես`Հայտնի վայր»,- ասել է նա:
Եգիպտացորենի լաբիրինթոսը Հյուսիսային Ամերիկայում բավական հայտնի ատրակցիոն է: Ամենամեծ լաբիրինթոսը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Դիքսոն քաղաքում. նրա տարածքը կազմում է 180 հազար քառակուսի մետր:










































