Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 20, վիրավորվել շուրջ 50 մարդ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հինգշաբթի երեկոյան շիայական արվարձանում գտնվող Ալ-Կայյարա առևտրական թաղամասում երկու ավտոմեքենա է պայթել: Ավելի ուշ նույն վայրում գործի է դրվել ևս երկու պայթուցիկ:
Վերջին երկու օրերի ընթացքում Բաղդադում իրար են հաջորդում բազմաթիվ ահաբեկչություններ, որոնք արդեն տասնյակ մարդկանց կյանք են խլել: