Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադարձել է երկկողմանի հարաբերություններին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է ռազմական համագործակցություն, որը հենված է փոխադարձ վստահության վրա։ Կարծում եմ, որ նախորդ տարի «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագրի կնքումը շրջադարձային կետ կդառնա մեր ռազմական հարաբերություններում։
Ներկայիս դրությամբ մոտ 5000 ադրբեջանցիներ ռազմական կրթություն են ստացել Թուրքիայում։ Թուրքիայի ռազմական դպրոցնում շարունակում են ուսանել մեծ թվով ադրբեջանցիներ։ Այդ համագործակցությունը զարգացում է ապրելու։
Իմ ադրբեջանական այցի քննարկման առարկաներից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Այդ հակամարտության պատճառով հարյուր հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց տները, իսկ ադրբեջանական հողերի «20 տոկոսն օկուպացվել» է։ Այդ հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը։
Միջազգային իրավունքի նորմերին ու միջազգային կառույցների որոշումներին համապատասխան խնդրի լուծումը տարածաշրջանին կապահովի խաղաղություն։ Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության ու ժողովուրդների միջև վստահության վերականգնումն է։
Թուրքիան շարունակում է ակտիվ դիրքորոշում ցուցաբերել՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար փորձեր ձեռնարկելով։ Թուրքիան միջազգային կառույցներում ամեն տիպի դիվանագիտական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Ես կրկնում եմ, մեզ համար առաջնահերթը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է։
Մենք հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Հուսով ենք, որ մոտ ապագայում համանախագահող երկրները կակտիվացնեն իրենց գործունեությունն այդ ուղղությամբ։ Ղարաբաղյան հակամարտությանը կարող են վերջ դնել միայն Հայաստանն ու Ադրբեջանը»։










































