Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Todays Zaman թերթին, հայտնում է, որ ամերիկացի քաղաքական գործիչ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հենրի Քիսինջերը Ստամբուլի համալսարանում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե Թուրքիան լցնելու է այն վակուումը, որն առաջանալու է Իրաքից ու Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո.
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կլքի Իրաքը և, վերջիվերջո, Աֆղանստանը, Թուրքիան լցնելու է առաջացող տարածաշրջանային վակուումը։ Պաշտոնական Անկարան պետք է զգույշ լինի այդ հարցերում, որպեսզի չդիպչի տարածաշրջանում Վաշինգտոնի կենսական շահերին։ Ես ակնկալում եմ, որ այդ հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները կառուցողական կլինեն։
Իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցում Անկարայի որոշումը վկայում է, որ մի շարք հարցերի շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն զուգահեռ շահեր։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացմանը, ապա դրանում մեղավոր են երկու կողմն էլ։ Երկու կողմն էլ պետք է ուղղումներ մտցնեն իրենց դիրքորոշումներում։ Դա միայն Նեթանյահուի խնդիրը չէ։ Մարդիկ գիտեն, որ հարցին լուծում կա, սակայն նրանք չեն կարողանում իրենց ստիպել անելու դա»։








































