Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար Էնդի Բըրնեմի թեկնածությունն արդեն ստացել է լեյբորիստ պատգամավորների ավելի քան 80 տոկոսի աջակցությունը։ Սա նշանակում է, որ ներկուսակցական ընտրություններում նրա համար մրցակից առաջադրվելն արդեն մաթեմատիկորեն անհնար է դարձել։ Եթե անսպասելի զարգացումներ չլինեն, Բըրնեմը առաջիկա օրերին կգլխավորի իշխող կուսակցությունը, իսկ դրանից հետո կստանձնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը։
Համայնքների պալատի 349 լեյբորիստ պատգամավորներ իրենց ստորագրությամբ աջակցել են Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետի թեկնածությանը։ Կուսակցության առաջնորդի ընտրապայքարին մասնակցելու համար անհրաժեշտ է խմբակցության անդամների առնվազն 20 տոկոսի՝ 403 պատգամավորից 81-ի աջակցությունը։ Քանի որ Բըրնեմն արդեն ստացել է 349 առաջադրում, մյուս հավակնորդների համար այլևս անհնար է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ, թեև առաջադրումների ներկայացման ժամկետը դեռ չի ավարտվել։
Ձևականորեն Բըրնեմի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի առնվազն երեք կազմակերպությունների կողմից, որոնցից երկուսը պետք է լինեն արհմիություններ։ Սակայն ակնկալվում է, որ այս փուլը կլինի զուտ ձևական։








































